Հասարակական

Դատախազությունը պահանջում է զերծ մնալ Մայր Աթոռի բնականոն գործունեությունը խաթարող քայլերից

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է զերծ մնալ Մայր Աթոռի բնականոն գործունեությունը խաթարող քայլերից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հրապարակումներ այն մասին, որ արվել են հրապարակային կոչ-հրավերներ կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի բողոքի ակցիաների կազմակերպման, իրականացման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.

«Առանձին դեպքերում այդ կոչերում օգտագործվել են նաև վիրավորական, ըստ էության, ատելության խոսքին բնորոշ արտահայտություններ:

Հարգանքով մոտենալով օրենքով չարգելված հավաքներ անցկացնելու քաղաքացիական իրավունքի իրացման հետ կապված հարաբերություններին՝ այդուհանդերձ, նման արտահայտությունները, ձևակերպումներն իրենց մեջ պարունակում են այդ ակցիաների ընթացքում հնարավոր բռնությունների, հասարակական կարգի խախտման հանգեցնող, ինչպես նաև ապօրինի այլ գործողությունների էական ռիսկեր:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես ակցիայի նախաձեռնողներից, այնպես էլ հնարավոր մասնակիցներից պահանջում է զերծ մնալ նման բովանդակությամբ հրապարակային հայտարարություններ անելուց և այդպիսիք արդարացնելուց, ինչպես նաև այնպիսի գործողություններ իրագործելուց, որոնք կարող են խաթարել հոգևոր կենտրոնի և հոգևորականների բնականոն գործունեությունը, ս. Էջմիածին այցելող քաղաքացիների այլ իրավունքները, ոտնահարել և վիրավորել վերջններիս հոգևոր զգացմունքները և կարող են հանգեցնել միջխմբային բախումների:

Նախազգուշացնում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները նման դրսևորումները կասեցնելու և կանխելու համար, իսկ այդպիսիք տեղ գտնելու և հանցավոր բնույթ կրելու դեպքում դրանցում ներգրավվող բոլոր անձինք անխուսափելիորեն կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում