Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ
2 րոպեի ընթերցում
![Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1038130.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել սահմանային բանակցություններին մասնակցող բարձրաստիճան սպաներին զորքերի տեղակայման, պահպանության տեղամասերի ստեղծման, ըստ ուղղությունների՝ նոր միավորների ձևավորման գործընթացի վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը և Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջև սահմանային քննարկումները շարունակվում են:
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին և առաջիկա անելիքներին: