Հասարակական

ՀՀ-ում Արցախի գործազուրկ քաղաքացիները պրակտիկա անցնելիս կստանան 100 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Արցախի գործազուրկ քաղաքացիները պրակտիկա անցնելիս կստանան 100 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ խոսքը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր փաստացի բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ու իրենց բնակությունը ժամանակավորապես տեղի է ունենում Հայաստանում:

«Ծրագիրը ենթադրում է ժամանակավոր աջակցություն աշխատանքի բնագավառում, մասնավորապես, միջոցառումը ենթադրում է մինչև երեք ամիս ժամկետով գործազուրկ անձանց հնարավորություն տալ գործատուի մոտ անցնել որոշակի պրակտիկա, որի դիմաց քաղաքացիները կվարձատրվեն 100 հազար դրամով»,- նշեց Առաքելյանը:

Ըստ որոշման, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին կտրամադրվի 34 հազար դրամ աջակցություն, նաև գումար գործատուին՝ գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար: Մինչև դեկտեմբերի 20-ը պետք է ներկայացվի որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում