Հաստատվեց վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված ապօրինի գույքի կառավարման կարգը
2 րոպեի ընթերցում
![Հաստատվեց վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված ապօրինի գույքի կառավարման կարգը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1038093.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը և հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, դրա ընդունման արդյունքում կկանոնակարգվեն պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու հետ կապված հարաբերությունները և կսահմանվի հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձև։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բացառիկ դեպքերում, գործի քննության առանձնահատկություններից ելնելով, դատարանը, կիրառելով հայցի ապահովում, որոշում է կայացնում գույքը հանձնել պետության տիրապետությանը, ապա տվյալ գույքի կառավարումը և պահպանումն իրականացնում է պետությունը։
Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ եթե գույքի արժեքի պահպանման համար անհրաժեշտ է ապահովել դրա մասնագիտացված ընթացիկ կառավարում, ապա պետությունը կարող է տվյալ գույքը հանձնել հավատարմագրային կառավարման։
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորմամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը»,- ասված է հիմնավորման մեջ։