Հասարակական

Հակոբ Արշակյանը ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների իրականացման հնարավորությունները ԱԹՍ֊ների և դրանց բաղկացուցիչների արտադրության, ենթակառուցվածքների արդիականացման, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հենքի վրա մետաղամշակման մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և նոր մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման այլ ծրագրերում: Նշված ուղղություններով արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Այցի ընթացքում նախարարը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտի ռուս գործընկերների հետ, քննարկել զարգացման հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այցելել «Skolkovo» բիզնես դպրոց և Skolkovo ինովացիանների զարգացման կենտրոն:

“Skolkovo” ինովացիոն կենտրոնի նախագահ Արկադի Դվորկովիչի հետ ՀՀ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել կենտրոնի տեխնոպարկում, ծանոթացել հիմնական գործունեությանը, իրականացվող ծրագրերին:

“Skolkovo” բիզնես դպրոցի նախագահ Անդրեյ Շառոնովի հետ ճանաչողական հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել դպրոցի կառուցվածքը և իրականացվող կրթական ծրագրերը:

Ինովացիոն կենտրոնի և բիզնես դպրոցի ղեկավարների հետ նախարարի գլխավորած պատվիրակությունը քննարկել է Հայաստանում համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում