Հասարակական

Հակոբ Արշակյանը քննարկումներ է ունեցել ՀՀ-ում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների զարգացման հեռանկարների շուրջ

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը քննարկումներ է ունեցել ՀՀ-ում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների զարգացման հեռանկարների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ռազմավարական զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեության շուրջ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Մասնավորապես, Հակոբ Արշակյանի և ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարը հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «ԵրՄՄԳՀԻ» (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը, կարևորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը, բարձր գնահատել վերջիններիս զարգացման տեմպերը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը և ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը:

Հիմնվելով արդեն առկա փորձի վրա՝ Նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ծրագրեր իրականացնելու արդյունքում, հայկական գիտական և ինժեներական մտքի շնորհիվ, հնարավոր կլինի ստեղծել ռազմական և ինժեներական արտադրանք՝ հետագայում երկու երկրների զարգացման նպատակով կիրառելու համար:

Դաշնային գործակալության ղեկավարը դրական է գնահատել առաջարկը և տեղեկացրել, որ համատեղ հետագա զարգացման ծրագրի առկայության դեպքում հնարավոր կլինի իրականացնել առարկայական քննարկումներ և աշխատել գործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում