Խինես Մելենդեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պայմանագրի ավարտին հեռանալու է Հայաստանից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանելով լրագրողների հարցերին այս մասին հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Նրա հեռանալուց հետո համագործակցությունը չի դադարի, նա երբեմն-երբեմն կայցելի մեզ, կօգնի` իր խորհուրդներով, դասախոսություններով, ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում»,-ասաց Մելիքբեկյան, ով շեշտեց, որ Մելենդեսի աշխատանքի ընթացքում հայկական ֆուտբոլը մեծ ձեռքբերումներ ունեցավ:
Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին:
Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում:
2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է:
2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:
Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ՝ դարձել արծաթե մեդալակիր:
Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):
Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժեռար Պիկեն, Իսկոն և այլոք: