Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը 2021-ի բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելը նպատակահարմար չի համարում

Կառավարությունը 2021-ի բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելը 
նպատակահարմար չի համարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելու կողմնակիցը չէ, ամեն ինչ կփորձի անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի՝ տնտեսական աճը վերականգնելու համար, սակայն վերաբաշխումներ կատարելը չի բացառում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը նշեց՝ նկատի ունենալով, որ երկիրը համավարակային և պատերազմական իրավիճակի մեջ է, կարծում է, որ ծախսերը պետք է լինեն ավելի խնայողական: «Եվ դա առաջին հերթին վերաբերում է վարչական ծախսերին, աշխատակազմերին, որտեղ լինում են ծախսեր ինչ-որ միջոցառումների, թանկարժեք գնումների համար»,- ասաց պատգամավորն ու հարցրեց, թե նախատեսվո՞ւմ են, արդյոք, էական կրճատումներ, խնայողություններ՝ այդ գումարներն այլ բնագավառներ ուղղելու համար:

Նախարար Ջանջուղազյանը չհամաձայնեց պնդման հետ՝ նշելով, որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճիշտ հակառակն է: «Ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև վերականգնմանը նպաստող միջավայր ձևավորելու տեսակետից ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ»,- ասաց նա ու հավելեց՝ միջազգային մամուլը, հեղինակավոր կազմակերպություններն էլ փաստում են, որ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, վերականգնում աահովելու ճանապարհը ծախսերի ընդլայնումն է:

Ջանջուղազյանը հիշեցրեց, որ նույնիսկ 2020-ի բյուջեում երկու անգամ կատարված փոփոխություններով ծախսերի կրճատում չեն առաջարկել: «Իսկ 2021-ի համար մենք ծախսերի երկու խմբի դեպքում էլ կիրառել ենք այն մոտեցումը, ինչը ենթադրում է, որ հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից լավագույնը կլինի: Ամեն ինչ պետք է փորձենք անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի, քանի որ գիտակցում ենք, որ նաև դա է տնտեսական աճը վերականգնելու: Հակառակ դեպքում կարող ենք այնպիսի գործողություններ անել, որոնք ավելի կխորացնեն խնդիրը»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ծախսերում վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություն կլինի՞, Ջանջուղազյանն ասաց, որ դա տեղի է ունենում նաև այսօր, և ակնհայտ է, որ կարող է այդպիսի անհրաժեշտություն առաջանալ նաև հաջորդ տարի:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]