Քաղաքականություն

Նիդերլանդների արտգործնախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայմանը

2 րոպեի ընթերցում

Նիդերլանդների արտգործնախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նշել է, որ իրենց հայտնի են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ, սակայն դժվար է ասել, թե որքանով է Թուրքիան ուղիղ ներգրավված ռազմական գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բլոկը նշել է խորհրդարանի պատգամավորների հարցերի ի պատասխան:

«Նիդեռլանդները շատ հավանական է համարում Թուրքիայի ռազմական մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը: Դեռևս դժվար է որոշել այդ մասնակցության ճշգրիտ բնույթը: Բացի այդ, կառավարությանն այժմ հայտնի է, որ Թուրքիան իսկապես մասնակցում է ադրբեջանական կողմում սիրիացի ահաբեկիչների տեղակայմանը: Ընդհանուր առմամբ հայտնի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան սերտ կապեր ունեն, այդ թվում՝ ռազմական համագործակցություն։ Այս համագործակցությունը ներառում է վերջին տարիներին համատեղ զորավարժությունները և ռազմական տեխնիկայի մատակարարումը»,- ասել է նա:

ԱԳ նախարարը նշել է, որ արտաքին միջամտությունը հանգեցնում է հակամարտության սրմանը։

«Հոկտեմբերի 1-ին Նիդերլանդների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նիստը, որում ես դեմ եմ արտահայտվել արտաքին ցանկացած միջամտությանը և կոչ արել ապաէսկալացիայի, կրակի դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու»,- նշել է Բլոկը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում