Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում է 4.8 տոկոս տնտեսական աճ

Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում է 4.8 տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021-ի համար՝ 4.8 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ներկայացված նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6 տոկոս մեծություն, իսկ 2021-ի համար այն գնահատված է 4.8 տոկոս»,-ասաց Ջանջուղազյանը:

Այսպիսով 2020-ի համար նախկինում կանխատեսված 2.6 տոկոս անկումը վերանայվել է՝ կազմելով 6 տոկոս: Ակնհայտ է, որ այս ցուցանիշները տարբերվում են ԱԺ-ի կողմից հոկտեմբերին ընդունված օրենքից: Չի բացառվում նաև հաջորդ տարվա կանխատեսման վերանայում:

Պահանջարկի վերականգնմանը զուգահեռ, ենթադրվում է, որ գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշի ստորին շեմին: Արտաքին պահանջարկի կանխատեսումների վերանայումների ազդեցությունը 2020 թվականի տնտեսական աճի վրա գնահատվում է 0.9 տոկոսային կետ դրական մեծություն, իսկ 2021-ի համար՝ նույնքան բացասական: Նախարարի խոսքով՝ սա հանգեցրել է այս ցուցանիշի չեզոք ազդեցության գնահատման ՀՀ տնտեսության վրա:

Անդրադառնալով 2020-ի ցուցանիշներին՝ նախարարը հիշեցրեց, որ համավարակի ազդեցությամբ պայմանավորված՝ առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կրճատվել է 5.7 տոկոսով: Հիմնական բացասական ազդեցությունն արձանագրվել է ծառայությունների ոլորտում, պահանջարկի նվազումն էլ պայմանավորված է եղել սպառման և ներդրումների կրճատմամբ:

Տարեսկզբից տնտեսությունում արձանագրվել էին անցյալ տարեվերջի լավատեսական սպասմանը համապատասխան զարգացումներ և աճի համեմատաբար բարձր տեմպեր էին նկատում, մինչդեռ մարտից դրանք կտրուկ դանդաղել են՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի բացասական տնտեսական ազդեցությամբ: Ամենից խորը տնտեսական անկումը գրանցվել է ապրիլին, դա որոշակիորեն մեղմվել է մայիսին՝ պայմանավորված որոշակի տնտեսական գործունեությունների սահմանափակումների վերացմամբ կամ մեղմամբ: Հուլիսին տնտեսական անկումը կրկին խորացել էր, սակայն օգոստոսին նկատվել է մեղմում:

Աննա Գրիգորյան 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ