Քաղաքականություն

Խաղաղ պայքարին Ադրբեջանն 1988-ին արձագանքել է բռնի ուժով՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Խաղաղ պայքարին Ադրբեջանն 1988-ին արձագանքել է բռնի ուժով՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացարձակապես խաղաղ քաղաքական պայքարին 1988-ին Ադրբեջանն արձագանքել է բռնի ուժով ինչպես այսօր՝ ռմբակոծելով, հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա. «Այնպես, ինչպես մեկնաբանում է Ադրբեջանը միջազգային իրավունքը, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Խորհրդային միության մաս է, և այդպիսի անկախ պետություն գոյություն չունի: Բայց Դուք կարող եք ասել, որ Խորհրդային միությունը գոյություն չունի այլևս, որպեսզի Ադրբեջանը լինի այդ Խորհրդային միության մաս: Նույն կերպ և Խորհրդային Ադրբեջանը գոյություն չունի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լինի Ադրբեջանի մաս:

ՀՀ վարչապետը շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են կոնկրետ իրավիճակում, նկարագրել կոնկրետ իրավիճակ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի բախումը և դրանց արդյունքները:

«Անվտանգության խորհրդում նկարագրված պատմությունը նույնպես ունի շատ կարևոր համատեքստ: Ես արդեն ասացի, որ բացարձակապես խաղաղ քաղաքական պայքարին (1988-ին – խմբ.) Ադրբեջանն արձագանքել է բռնի ուժով, ինչպես այսօր՝ ռմբակոծելով, հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը: Այդ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունները հեռացնելու համար Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերն ստիպված են եղել ձևավորել անվտանգության գոտի»,- շեշտել է ՀՀ վարչապետ Փաշինյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում