Արցախցի «Պենելոպաները» ցանց են գործում իրենց «Ոդիսևսների» համար
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախցի կանայք նմանվել են Հոմերոսի «Ոդիսևս»-ը պոեմի հերոս Պենելոպային։ Պատմությունը կրկնվում է, միայն դերերն են փոխվել։ Պենելոպային և Ոդիսևսին այսօր փոխարինելու են եկել հայ կինն ու հանուն Արցախի ժողովրդի պայքարող զինվորը։ Մեծամորցի Քաղցրիկ Ասիրյանը պատերազմի առաջին օրերից նմանվել է Արցախի առաջնագծից ամուսնուն սպասող «Ոդիսևս»-ի հերոսուհուն։ Նա մի խումբ կանանց հետ ցանցեր գործելով փորձում է օգնել բանակին։
«Ամեն թելի հետ, ամեն գործելուց կրկնում եմ մտքումս` երեխեք ջան Աստված ձեզ հետ։ Մենք կարող ենք ժամերով գործել ու լռել։ Սկսել ենք չնկատել, թե կողքիններս ովքեր են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Քաղցրիկը։
Ցանց գործող կամավորներից շատերի հայրերը, եղբայրները և ամուսիններն առաջնագծում են։ Նրանք բոլորը հավատով սպասում են զանգի։ Քաղցրիկն արդեն 3 օր է ամուսնուց լուր չունի։ Միայն վերջին խոսակցության ժամանակ ասել է, որ տեղափոխում են և հնարավոր է չզանգի մի քանի օր։
Քաղցրիկը ժպիտով ասում է, թե այս օրերին միակ լավ բանն այն է, որ ամուսինն անգիր է արել երեխաների հեռախոսահամարները. նա միայն կնոջ համարն էր անգիր հիշում։ «Հոգու խորքում այստեղ ցանց գործող յուրաքանչյուր կին, երեխա վստահ է` հաղթելու ենք։ Այլընտրանք չկա»,-Քաղցրիկն իր խոսքը եզրափակեց այսպես։
Երևանի «Արեգնազան» կրթահամալիրում նույնպես սկսվել են ցանցեր գործելու աշխատանքները։ Այնտեղ կամավորներն իրար հերթ չեն տալիս։
Ստեփանակերտցի Մարիամը նույնպես մասնակցում է աշխատանքներին։ Գործել սովորել է դեռ ապրիլյան պատերազմի օրերին։ Սահմանին հայրն ու եղբայրներն են։ «Հյուսելուց առաջին հերթին ապրիլյան պատերազմը եկավ աչքիս առաջ։ Այդ պահին մտածում եմ, որ հենց այս ցանցն է ինչ -որ զինվորի կյանք փրկելու, նրան թաքցնելու, ու դրա համար ավելի արագ եմ փորձում ու ավելի արդյունավետ ձևով, հանկարծ բաց տեղ չթողնեմ, որ թշնամին չնկատի մերոնց»,- զրույցի ժամանակ ասաց Մարիամը։
22-ամյա այս աղջիկը հույսով սպասում է, թե երբ կսկսի հաշվել մինչև Նոր տարի ընկած օրերը, այլ ոչ թե պատերազմի։ Երազում էլ խաղաղություն էր տեսել։ Ասում է` ուզում էր աչքերով պինդ բռնել, որ չփախչի։
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումից հետո սեպտեմբերի 27-ից Արցախում և Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված։ Այս օրերին կազմվել են բազմաթիվ կամավորական խմբեր ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, որոնք հումանիտար օգնությամբ աջակցում են ինչպես բանակին, այնպես էլ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ընտանիքներին։
Մարիամ Թեյմուրազյան