ՀՀ ԱԳ նախարարը Իրանի փոխարտգործնախարարին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զորհաբ ՄնացականյաննՀոկտեմբերի 29-ին ընդունեց աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:
ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել է Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:
Իրանի փոխարտգործնախարար Արաղչին ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:
Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում