Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Առաջնագծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն հիմնականում կիրառում է հրետանի

Առաջնագծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն հիմնականում կիրառում է 
հրետանի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան նորից մարտական գորոծղությունները շարունակվել են բոլոր ուղղություններով: Այսօր թեժ է եղել կենտրոնական ուղղությունը: Հյուսիսում հարձակողական մի քանի փորձ է կատարել Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնք հետ են մղվել մեր զորքերի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ: Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել: Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ: Մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի, եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր: Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են: Հատկապես ուղղությունը թեքվել է դեպի ավելի հարավ, ավելի մոտ Արաքսի հունին: Մի քանի օջախային, առանձին տեղերում մեր ԶՈՒ-ն կասեցրել է հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը, որևէ միլիմետր առաջ չի եկել որևէ խմբավորում: Հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են, այնքան թեժ չեն, որքան նախորդ օրերին, բայց պահպանում են իրենց աստիճանը: Հակառակորդի կողմից կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ ու մասամբ՝ օդուժ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ