Հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները. ԼՂ ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում
3 րոպեի ընթերցում
![Հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները. ԼՂ ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032305.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերն Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում մարտի է նետում իրենց վերջին ռեզերվները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջնագծում բավական բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում հակառակորդին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի մեծ կորուստներն են այն պատճառներից մեկը, որ այդ երկիրը հրաժարվում է հումանիտար հրադադարի հաստատումից :
«Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները հավաքվեն, խնամվեն, արվեն հուղարկավորություններ: Ադրբեջանը վախենում է իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին տասնյակ հազարի մոտ դիակների, մարմինների ի հայտ գալուց: Ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի կորուստներ ունեն, առավել ևս, որ մենք սկսել ենք խոցել նաև թուրքական Bayraktar-ները: Հումանիտար հրադադարի արդյունքում կբացահայտվեն նաև վարձկանների ու թուրքական զորքերի զինվորների դիակներ»,- նշեց վարչապետը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:
Նորայր Շողիկյան