Առաջնագծում իրավիճակը լարված է. մարտական գործողությունները շարունակվում են
3 րոպեի ընթերցում
![Առաջնագծում իրավիճակը լարված է. մարտական գործողությունները շարունակվում են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032243.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, իրավիճակը լարված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և’ հյուսիսային, և’ հարավային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, այդ մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողությամբ ստացվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր: Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան հիմնականում ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում թուրքական Bayraktar տեսակի ԱԹՍ-ներ, որոնց մասին արդեն հայտարարվել է:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:
Նորայր Շողիկյան