ԱԱԾ-ն ահազանգում է ՀՀ և ԱՀ անվտանգությանը վնասող ապատեղեկատվություն տարածող կայքերի և էջերի մասին
2 րոպեի ընթերցում
![ԱԱԾ-ն ահազանգում է ՀՀ և ԱՀ անվտանգությանը վնասող ապատեղեկատվություն տարածող կայքերի և էջերի մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032239.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց բացի՝ իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, նախնական ուսումնասիրություններից պարզվում է, որ հիշյալ կայքերում և տեղեկատվական հարթակներում առկա են տարբեր ուղղվածություն ունեցող հետքեր, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:
«Այս ամենով հանդերձ մեր հանրությանը կոչ ենք անում տուրք չտալ նմանատիպ տեղեկություններին, չտարածել այդօրինակ կայքերում ու տարբեր հարթակներում առկա կեղծ տեղեկատվությունը, ինչպես նաև բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից»,- ասվում է հաղորդագրության մեջ: