1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքական իմպերիալիզմը խախտում է հայ ժողովրդի իրավունքը

Թուրքական իմպերիալիզմը խախտում է հայ ժողովրդի իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Պատմության ընթացքում աշխարհը քանիցս աչք է փակել Թուրքիայի վայրագությունների վրա: Այս մասին ֆրանսիական «Le Figaro»-ում գրել է գրող եւ պատմաբան Օլիվյե Դելորմը՝ ցավ հայտնելով, որ արցախյան հակամարտության սրման ֆոնին Արեւմուտքը փոխհամաձայնություն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իմպերիալիստական ռեժիմի նկատմամբ:

«Արժե՞, արդյոք, պաշտպանել ընկերներ Լենինի ու Ստալինի ժառանգությունը Կովկասում: Ինքներս մեզ այսպիսի հարց պետք է տանք Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի եւ Կիպրոսի նկատմամբ թուրքական ագրեսիայի հնարավոր արդարացումներ գտնելու բոլոր փորձերից հետո: Չի կարելի աչք փակել պատերազմի վրա, որն Անկարայի իսլամաիմպերիալիստական ռեժիմը հիմա վարում է հայերի դեմ Ադրբեջանի ձեռքով»,- շեշտել է Դելորմը:

Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել այս ռեժիմի հանդեպ Արեւմուտքի մեղմության պատճառները (այն դեռ ակտիվորեն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից): Թուրքիան դեպի իրեն ձգեց «Իսլամական պետության» եւ «Ալ-Քաիդայի» մնացորդներին Մերձավոր Արեւելքում, իսկ այնուհետեւ, որպես օժանդակ զորքեր, նրանց ուղարկեց Լիբիա եւ Կովկաս: Ինչու՞ է Գերմանիան պաշտպանում նրան պատժամիջոցներից: 2.5 միլիարդի արտաքին առեւտրի սալդոյի ու 3 միլիոն գերմանացի թուրքերի պատճառո՞վ, որոնց 65 տոկոսը քվեարկում է Էրդողանի օգտին:

Ուշադրության է արժանի նաեւ նրանց մոտիվացիան, ովքեր այդքան սիրում են ողբալ «մութ օրերի վերադարձի» կապակցությամբ, բայց չգիտես ինչու՝ չեն վրդովվում այն պետության ագրեսիայից, որը Հայոց ցեղասպանության ժխտումը դարձրել է պաշտոնական դոկտրինա դպրոցներում ու համալսարաններում: Մի պահ պատկերացրեք, թե միջազգային ինչպիսի արձագանք կառաջացներ գերմանացիների հարձակումն Իսրայելի վրա:

Վերջապես, ժամանակն է դադարեցնել «անջատողականություն» բառը Լեռնային Ղարաբաղի (հայերի համար՝ Արցախ) նկատմամբ, որի բնակչության 90 տոկոսը հնուց ի վեր հայեր են: Այն Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ է մտել միայն 1921 թվականին: Արցախն Ադրբեջանին միացվեց հուլիսին ժողովրդական կոմիսար Ստալինի կողմից՝ Լենինի որոշմամբ: Փորձ արվեց գոհացնել ազգայնական Քեմալին, որը մարտին ԽՍՀՄ-ում համաձայնագիր էր ստորագրել: 1920 թ. դեկտեմբերին նա արդեն կործանել էր հայկական առաջին հանրապետությունը: Թուրքերի կողմից լիակատար կործանումից փրկվելու համար Հայաստանն ստիպված էր մտնել Խորհրդային Միության կազմի մեջ:

«Իրականում Ղարաբաղի հարցը հերթական դրսեւորումն է այն խնդրի, որը ծագել է դեռ Հարավսլավիայում պատերազմների ժամանակաշրջանում: Խոսքը քայքայված դաշնության ներքին վարչական սահմանների՝ որպես նոր միջազգային սահմանների հաստատման մասին է: Փաստն այն է, որ երկաթե ձեռքով ղեկավարվող ֆեդերացիայի ներսում վարչական ներքին բաժանումը գործնականում ոչ մի դեր չի խաղում: Շատ դեպքերում սահմանները գծվում էին այսրոպեական հանգամանքների պատճառով: Տիտոն փորձեց թուլացնել Սերբիան՝ հնարավորինս շատ սերբերի տեղավորելով Հարավսլավիայի մյուս հանրապետություններում: Խրուշչովը Ղրիմը նվիրեց Ուկրաինային, որպեսզի նրանք գոնե մոռանան 1944 թվականից հետո կազմակերպված բռնաճնշումները»,- նկատել է հեղինակը:

Սակայն նման դաշնությունների անհետացումից հետո ներքին սահմանները դառնում են միջազգային, եւ բնակչությունը կարող է հայտնվել մի պետությունում, որի կազմում ընդհանրապես չի ցանկանում լինել: Արցախի հայերը 100 տարի անց կդառնան ադրբեջանցիների զոհերը, որոնք խաղում են ցեղասպանությունը հերքող թուրքական պետության կողմից: Ուստի կարելի է հասկանալ, թե արցախահայությունն ինչու է այդքան վճռական տրամադրված՝ պաշտպանվելու Ադրբեջանից:

Շեշտենք, որ նրանք, ովքեր Արցախի հայերին անջատողականներ են անվանում, ոչ մի դժգոհություն չեն հայտնում, որ Թուրքիան 1974 թ. օկուպացրել է Կիպրոսի տարածքի 38 տոկոսը, չնայած այնտեղ իրականացրել է իսկական էթնիկ զտում եւ տեղավորել իր վերաբնակիչներին: Հիմա թուրքերն այնտեղ մեծամասնություն են՝ չնայած ներխուժումից առաջ կազմում էին կղզու բնակչության 18 տոկոսը: Ինչ վերաբերում է այնտեղ ստեղծված մարիոնետային պետությանը, այն նույնպես մասամբ ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

Չնայած Առաջին համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարած պայմանագրերը նշվում են որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական պատճառներ (այդ կերպ պատասխանատվությունը հանելով Գերմանիայի եւ չկարգավորվող կապիտալիզմի վրայից), դրանք, այնուամենայնիվ, ունեն առնվազն երկու դրական կողմ: Նրանք իրավունքներ տվեցին փոքրամասնություններին նոր ազգային պետություններում, որոնք ստեղծվել են կայսրությունների փլուզման արդյունքում: Դա դրական տեղաշարժ էր, քանի որ կայսրությունը միշտ սահմանափակումների համակարգ է եւ ժողովուրդների բանտ: Բացի այդ, դրանք հնարավորություն են տվել պարզել անորոշ կամ վիճարկվող ազգային պատկանելությամբ տարածքների բնակչության կարծիքը:

Ազգերի լիգան ոչնչացավ բռնապետերի նկատմամբ իր անզորության պատճառով, բայց 1920-ականներին նա կազմակերպեց խորհրդակցությունների մի ողջ շարք, եւ դրանց արդյունքներով հաստատված սահմաններն անփոփոխ են մնում հարյուր տարի անց:

Ֆեդերացիաների կազմալուծման պատճառով առաջացած բախումներն ընդունելու կամ նույնիսկ դրանք օգտագործելու փոխարեն անհրաժեշտ է որոշել միջազգային վերահսկողության ներքո ինքնորոշման հանրաքվեի պայմանները: Սա միակ ճանապարհն է՝ ապահովելու կայուն խաղաղություն, որը հարգում է ժողովուրդների իրավունքները:

Եթե շարունակենք դա անտեսել, ապա Արցախի շուրջ ցանկացած բանակցություն, լավագույն դեպքում, կհանգեցնի դեյթոնյան նոր համաձայնագրի, որը 25 տարի անց էլ չի սկսել գործել: Բայց վտանգավորն այն է, որ ինչ-որ մեկը կարող է շահագրգռված լինել՝ պահպանելու հակամարտությունը, որը նրան կթույլատրի հավերժ մնալ դատավորի դերում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]