ԱԻՆ-ը պարզաբանել է Սյունիքում օպերատորի կողմից տագնապի մասին հաղորդագրություններ ուղարկելու հանգամանքը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ, բացի Կապանից, այլ բնակավայրերի առանձին բաժանորդները տագնապի մասին հաղորդագրությունն ստացել են հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանել է. «Հարգելի՛ քաղաքացիներ,
հոկտեմբերի 16-ին, ժամը 22։35-ին Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապ»։ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից գործողության մեջ է դրվել ազդարարման համակարգը, իրականացվել է բնակչության պատսպարում։
Ժամը 23։25-ին ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապի ավարտ»։
Հարգելի՛ քաղաքացիներ,
հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարված է օդային տագնապը:«Հարգելի՛ քաղաքացիներ, օդային տագնապը հայտարարված է միայն Սյունիքի մարզի Կապան քաղաքում»,- նշված էր հաղորդագրության մեջ:
23։25-ինԿապան քաղաքում հայտարարվել է օդային տագնապի ավարտ: