Հասարակական

Առաջնագծում ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես` հարավային ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

Առաջնագծում ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես` հարավային ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին շարունակվում են դժվար ու ծանր մարտերը, հատկապես` հարավային ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը և հյուսիսում, և հարավում երկար հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև այլ օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման: Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք: Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ: Այդ ընթացքում հայկական կողմին հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում