Սա ցույց է տալիս հակառակորդի բարբարոսության խորությունը. Մնացականյանը՝ հայ գերիներին սպանելու մասին
2 րոպեի ընթերցում
![Սա ցույց է տալիս հակառակորդի բարբարոսության խորությունը. Մնացականյանը՝ հայ գերիներին սպանելու մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031784.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայ գերիներին սպանելու դեպքը համարում է հակառակորդի բարբարոսության խորության ցուցադրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Հունաստանի Արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Դա նորից ի ցույց է դնում բարբարոսության խորությունը և սա առաջին անգամը չէ: Նորից ի ցույց է դնում, որ Մենք ուղղակի պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար, և որևէ բան մեզ հետ չի պահի դրանից: Նորից ուզում եմ խորապես խոնարհվել բոլոր այդ խիզախների առաջ, որ հիմա կռվում են դրա համար: Մեր գործը լինելու է միջազգային հանրությանն ամենախիստ ձևով ի ցույց դնելու խորությունն այս բարբարոսության, թե ինչի հետ մենք գործ ունենք»,- ասաց Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այս հակամարտության էությունն է այն, որ ցանկացած քաղաքակիրթ, ցիվիլիզացիոն նորմերը ենթարկվում են ուղղակի ջախջախման:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով: Արցախի և Հայաստանի Գլխավոր դատախազություններում քրեական գործեր են հարուցվել այս դեպքի առնչությամբ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել են, որ այդ դեպքն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույցն է:
Նորայր Շողիկյան