«Երևանյան բեսթսելեր». տասնյակը գլխավորում է «Մանոն Լեսկոն». թարգմանական,սեպտեմբեր, 2020
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է սեպտեմբերիվաճառքի տվյալների հիման վրա:
Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Աբբա Պրևոյի«Մանոն Լեսկոն»: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է:Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:
Դանտեի «Աստվածային կատակերգությունը» երկրորդ տեղում է: Պոեմի գործողությունները կատարվում են հանդերձյալ աշխարհում, գործող անձինք մարդկանց հոգիներն են։ Գործող անձանց մեծագույն մասը իրական մարդիկ են։ Բանաստեղծը պատմում է նրանց հոգիների և երկրային գործերի, կենդանի ժամանակ կատարած արարքների մասին։ Թարգմանությունն իտալերենից՝ Ռուբեն Ղուլյանի:
Երրորդ հորիզոնականում է Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները»: Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա: Քույրը չի հիշի: Նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի պատմություններով, մինչ Աֆղանստանում շարունակվում է աղետալի շրջադարձերով լի կյանքը: Թարգմանությունն անգլերենից` Անուշ Սեդրակյանի:
Չորրորդ հորիզոնականն զբաղեցնում է Խալիլ Ջիբրանի «Մարգարեն»գիրքը: Այն առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերենով է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդու, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը:
Հինգերորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»վեպը: Այս ստեղծագործությունում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային՝ գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, դրանից հետո միայն այն վաճառելու հնարավորություն է ստեղծվել: Թարգմանիչ՝Արփի Աթաբեկյան:
Վեցերորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։Գիրքը մեծ տարածում է գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել էֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:
Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» յոթերորդ տեղում է: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:
Ութերորդ հորիզոնականում ՀերմանՀեսսեի«Տափաստանիգայլը»վեպն է: Գերմանացի մեծանուն գրողի այս երկը նրա ամենահայտնի գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: Թարգմանիչն է Արա Առաքելյանը:
Իններորդ տեղում է Ջեք Քերուեքի «Ճանապարհին» ստեղծագործությունը: Ամերիկայի «բիթ սերնդի» գրականության ամենակարկառուն հեղինակներից մեկը՝ Ջեք Քերուեքը, իր ամենահայտնի վեպում անկեղծորեն պատմում է իր և ընկերների ճամփորդական արկածների, ինքնության ու կյանքի էության որոնման մասին: Ինքնակենսագրական այս վեպը, որը գրվել է 20–րդ դարի կեսին, ցայսօր թվում է նորարական թե՛ ոճով, թե՛ բովանդակությամբ: Քերուեքը ոգեշնչվել է իր ընկեր և վեպի գլխավոր հերոս Նիլ Քեսիդիի նամակների «հապճեպ, գիժ, խոստովանական, մանրամասն» ոճից, որը Քերուեքն անվանեց «ինքնաբուխ արձակ»: Թարգմանությունը` Մարիա Սադոյանի:
Տասներորդ տեղում է Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ»ստեղծագործությունը: Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել: Թարգմանությունը՝ Մերի Դալլաքյանի:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան- Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66),գրախանութներիևգրատներիցանցերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +1 | ![]() |
Աբբա Պրևո «Մանոն Լեսկոն» | Դարակ | 40 |
2 | նոր | ![]() |
Դանտե Ալիգիերի «Աստվածային կատակերգություն» | Անտարես | 38 |
3 | * | ![]() |
Խալեդ Հոսեյնի «Եվ արձագանքեցին լեռները» | Զանգակ | 31 |
4 | * | ![]() |
Խալիլ Ջիբրան, «Մարգարեն» | Քյուրքչյան | 25 |
5 | -1 | ![]() |
Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը» | Անտարես | 21 |
6 | +3 | ![]() |
Հերման Հեսսե«Սիդհարթա» | Քյուրքչյան | 20 |
7 | * | ![]() |
Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը» | Զանգակ | 19 |
8 | * | ![]() |
Հերման Հեսսե«Տափաստանի գայլը» | Անտարես | 18 |
9 | նոր | ![]() |
Ջեք Քերուեք «Ճանապարհին» | Զանգակ | 17 |
10 | -4 | ![]() |
Ջոջո Մոյես «Ես մինչ քեզ» |
Զանգակ | 16 |