Քաղաքականություն

Ընթանում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների 9-րդ ժամը

2 րոպեի ընթերցում

Ընթանում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների 9-րդ ժամը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունները շարունակվում են արդեն շուրջ 9 ժամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ին մեկնարկած բանակցությունները մի քանի անգամ ընդմիջվել են:

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարն առաջին ընդմիջման ընթացքում դուրս է եկել ՌԴ արտգործնախարարության շենքից: Ըստ լրագրողների տեղեկությունների՝ Բայրամովն այցելել է Ադրբեջանի դեսպանատուն և վերադարձել:

Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հրավիրել էր Մոսկվա՝ քննարկելու արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հումանիտար հրադադար հաստատելու հարցը, որպեսզի կողմերը հնարավորություն ստանան փոխանակելու գերիներին և զոհվածների մարմինները: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններն ընթանում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում