Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

«Երևանյան բեսթսելեր». նոր գրքեր՝ ցանկում. հայ գրականություն. սեպտեմբեր, 2020

«Երևանյան բեսթսելեր». նոր գրքեր՝ ցանկում. հայ գրականություն. սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքների թեմաները չունեն ընդհանուր ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Երկրորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Սա անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Երրորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկներն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Չորրորդ տեղում է նույն հեղինակի «Հուշացած ակնթարթներ» գիրքը։ Գիրքն ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, և ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ  ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը։ Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող կարոտով: Դրանից ազատվելն անհնար է՝ որքան էլ մեծ լինի մոռանալու ցանկությունը, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում։

Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Ստախոսը» հինգերորդ տեղում է։ Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու՝ վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել։ Արկածային ու գերբնական տարրերով, հոգեբանական նուրբ պատկերներով, հետաքրքիր զարգացմամբ ու անակնկալ ավարտով այս վեպը կլանում է առաջին էջերից ու բաց չի թողնում ընթերցողին մինչև անսպասելի ավարտը։

Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» վեցերորդ տեղում է: Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանի ազատագրմանը հաջորդել են հայկական ուժերի գարնանային լայնածավալ հակահարձակումը և Մարտակերտի շրջանի ամբողջական ազատագրումը:

Յոթերորդ հորիզոնականում է Էդգար Կոստանդյանի «Միլոշ» վեպը: Միջազգային «Ինտերրայթ» և «Եվրոփեն» մրցույթների հաղթող, «Որբանոց» բեսթսելերի, «Ձմռան վերջին օրը», «Կուկու», «Սովորական երկիր» և այլ գրքերի հեղինակ Կոստանդյանի այս վեպը բավականին պարզ ծանոթագրություն ունի. «Վեպ անցած-գնացած ուրախությունների մասին»:

Արամ Պաչյանի «P/F-ը» ութերորդ տեղում է։ Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, Գետառը, անհետացած տրամվայը և «մենակ» տեսակի մարդը, որ փնտրում է իրեն իր հիշողությունների քաղաքում, իր զգացողությունների մեջ և ապագայի երազանքներում։ Վեպը հեղինակը նվիրում է ձեն-բուդդայական դպրոցի իր ուսուցիչներին և գրքի տոնայնությունը ճիշտ համապատասխանում է այդ փիլիսոփայությանը։ Վեպի բոլոր հատվածները փոխկապակցված են, սակայն դրանց հերթականությունը բոլորովին կարևոր չէ և զուտ պայմանական է։ Վեպը մի շնչով կարդալուց հետո այն ավելի դանդաղ վերընթերցելու ցանկություն է առաջանում։ «P/F-ը» նոր վեպ է ու նոր մոտեցում կյանքի մասին մեզ հուզող հարցերի պատասխանների որոնում։

Իններորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Տասներորդ տեղում է Լիլի Մկրտչյանի «Թեյահոլիզմ»-ը: Գրքում ներկայացված 11 պատմվածքներից յուրաքանչյուրը ներկայացնում է մի հերոսի կյանքի պատմություն՝ միջանձնային հարաբերությունների, անձնական մտորումների և ընթերցողի հետ երկխոսության միջոցով։ Պատմվածքները, լինելով առանձին և անկախ պատմություններ, մի կետում մեկտեղվում են և դառնում մի մեծ, ամբողջական պատմության մաս։ Գրքի առանցքային ասելիքներից մեկը նկատելուն ուղղված հաղորդագրությունն է․ կյանքի սյուժետային գծերի միջև նկատել նաև լրացնող դետալները, ավելի լավ ճանաչել մարդուն, նրա շուրջ հյուսվող կյանքն ու աշխարհը։ 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 -1 Սյունե Սևադա «Կախվածություն» Էջ 61
2 -1

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 47
3 +1 Գոհար Նավասարդյան «Ինձ պիոններ չնվիրես» հեղ.հրատ 27
4 +2 Գոհար Նավասարդյան «Հուշացած ակնթարթներ» հեղ.հրատ 27
5 +2

Լևոն Նես

«Ստախոսը»

Զանգակ 18
6 նոր Արման Սաղաթելյան «Կյանքի նյարդը» Newmag 18
7 * Էդգար Կոստանդյան «Միլոշ» Գրատուն 16
8 նոր Արամ Պաչյան «P/F» Էջ 16
9 * Նիկոլ Փաշինյան «Երկրի հակառակ կողմը» Անտարես 14
10 -4 իլի Մկրտչյան «Թեյահոլիզմ» հեղ.հրատ 14




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ