ԱՆ-ն վիրավոր զինվորների վիճակն ու գտնվելու վայրը պարզելու համար թեժ գիծ կգործարկի
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է առաջիկայում գործարկել թեժ գիծ, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակահատվածում բազմաթիվ ահազանգեր են լինում, երբ հարազատները երկար ժամանակ չեն կարողանում գտնել իրենց զինծառայողներին կամ որևէ տեղեկություն սատանալ նրանց մասին:
«Այսօր կամ վաղն այդ հարցը վերջնականապես կկանոնակարգվի: Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը: Չնայած ի սկզբանե բոլոր ճանաչված վիրավորները հիմնականում կարողանում են կապ հաստատել իրենց ծնողների հետ, եթե նրանք գիտակցության են: Շատ քիչ դեպքեր ենք ունենում, որ անճանաչելի վիրավորներ են լինում, քանի որ անգիտակից վիճակում են լինում սկզբից, և, իրավիճակով պայմանավորված, հայտնի չի լինում՝ նրանք որ զորամասից են, անուն-ազգանունները և այլն: Նրանց ճանաչման պրոցեսը մի փոքր այլ է, որով կրկին մենք և ՊՆ-ի մեր գործընկերները զբաղվում ենք»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ համակարգի վերջնական պատրաստ լինելու դեպքում կտարածվի հայտարարություն, որի մասին հաղորդագրություն կտարածվի:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվումև հրթիռակոծվումեն նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվումեն փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Օրեր առաջ Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, դրա հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ։
Լիլիթ Դեմուրյան