ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախում հայ և արտասահմանցի լրագրողներին տեղափոխող թիրախավորված միկրոավտոբուսի լուսանկարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կենտրոնը նշում է, որ տուժածներ չկան:
«Միջազգային և տեղական մեկ տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է թշնամու կողմից: Տուժածներ չկան»,- նշված է հրապարակման մեջ:
ՌԻԱ Նովոստին հաղորդել է, որ ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի հումանիտար կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել է հրետանու կրակի տակ:
]
Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում հոկտեմբերի 1-ին ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին տարվել է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։