Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկական հետևակը զգալիորեն ավելի արդյունավետ է գործում. վերլուծաբան Նեիլ Հաուեր

Հայկական հետևակը զգալիորեն ավելի արդյունավետ է գործում. վերլուծաբան Նեիլ 
Հաուեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական հետևակը զգալիորեն ավելի արդյունավետ է գործում, քան ադրբեջանականը. հակամարտության այս օրերի ընթացքում քիչ բան կա, որը կապացուցի, թե ադրբեջանական կողմը կարողացել է առաջխաղացում, հաջողություն ունենալ, սիրիացի վարձկաններն էլ ցանկանում են հեռանալ:  «Արմենպրես»-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց Կովկասյան հարցերով վերլուծաբան Նեիլ Հաուերը:

«Հայկական կողմի հետևակը զգալիորեն ավելի արդյունավետ է, քան ադրբեջանցիները: Չնայած արդեն քանի օրվա հակամարտությանը, քիչ բան կա, որը կապացուցի, թե ադրբեջանական ուժերը կարողացել են առաջխաղացում ունենալ ՝ միգուցե  առաջնագծում մի քանի փոքր հենակետ գրավելուց բացի: Հատկապես սիրիացի գրոհայինները դժվար թե ազդեցություն ունենան: Մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ գրոհայիններից արդեն սպանվել է 20-30 կամ ավելի մարդ, մնացած շատերը ցանկանում են հեռանալ (նրանք կարծել են, թե գրանցվում են պահակային ծառայության), և նրանք այնքան վատ պատրաստված են, որ ինչ-որ բան ձեռք բերելու շատ քիչ հեռանկար կա նրանց համար»,-ասաց Հաուերը:

Վերլուծաբանը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է լուրջ կարմիր գծեր դնի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ, հատկապես, Թուրքիայի դեմ, որպեսզի վերջիններս չփորձեն հավասարակշռությունը վերացնել այնպիսի եղանակով, որը կհանգեցնի մարդասիրական աղետի: Նա կարծում է, որ պատժամիջոցների հարցը պետք է լրջորեն քննարկվի, եթե Թուրքիան չդադարեցնի իր ներգրավվածությունը,  նույնը պետք է քննարկվի նաև Ադրբեջանի համար: «Ամենակարևորն այժմ բռնությունների դադարեցումն է: Միայն ԵՄ անդամ երկրների, Ռուսաստանի և ԱՄՆ համակարգմամբ է հնարավոր հասնել դրան»,-նշեց նա:

Վերլուծաբանը մոտ ապագայում Թուրքիայի քայլերի վերաբերյալ դժվարանում է կանխատեսումներ անել՝ նկատելով, որ Թուրքիան հայտարարում է, թե կաջակցի Ադրբեջանին՝ ցանկացած եղանակով: «Այնուամենայնիվ, եթե մարտերը շարունակվեն, և ադրբեջանական ուժերը չկարողանան առաջ շարժվել, Թուրքիան կարող է տեսնել, որ իր նպատակներին հասնելն ավելի շատ կարժենա, քան նրանք պատրաստ են՝  ռեսուրսների տեսանկյունից ներդրումներ կատարելու համար: Ամեն ինչ կախված է նրանից, թե Թուրքիան ռազմական առումով, ոչ միայն հռետորաբանությամբ, որքանով կաջակցի Ադրբեջանին»,-ասաց վերլուծաբանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am