Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Վանականը…» շարունակում է մնալ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2020

«Երևանյան բեսթսելեր». «Վանականը…» շարունակում է մնալ առաջատար. 
փաստավավերագրական, օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքների։

Առաջին հորիզոնականում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը» երկրորդ հորիզոնականում է։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր առնվազն 6 մարդկային ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, և ի՞նչ է սպասում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Երրորդ հորիզոնականում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է,  պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Դենիել Գոուլմանի «Հուզական ինտելեկտը» չորրորդ հորիզոնականում է։ «Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողվում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։

Հինգերորդ հորիզոնականում է Միշել Օբամայի «Becoming.Իմ պատմությունը» գիրքը: Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ աղջիկը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը:

Վեցերորդ հորիզոնականում Ջոն Ռոքֆելլերի «Ինչպես դարձա միլիարդատեր» գիրքն է: Այս գիրքը Ռոքֆելլերի ինքնակենսագրությունն է: Այստեղ նա առաջին անգամ հանդես է գալիս որպես վերհուշ-հոդվածաշարի հեղինակ: Պատմությունները գրված են Ռոքֆելլերի կոշտ, բայց զգուշավոր ոճով և լույս են սփռում նրա կենսագրության գործնական, ինչպես նաև ազատ ժամանակի փոքրիկ դրվագների վրա:

Անի Քոչարի «Հանձնվել չկա» ստեղծագործությունը յոթերորդ տեղում է: 2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն… Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։

Ութերորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Նիլ Ֆերգյուսոնի «Մեծ անկումը» իններորդ տեղում է: Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։ Արևմտյան ժողովրդավարությունն այսօր խզել է սերունդների միջև եղած համաձայնությունը, քանի որ մեր երեխաներին ու թոռներին պարտքի մեծ բեռ ենք թողնում։ Մեր շուկաների բնականոն զարգացումը խեղվում է չափազանց բարդ կարգավորումների պատճառով, եղած խնդիրները լուծելու փոխարեն դրանք ի հայտ են բերում նորերը։ Իրավունքի գերակայությունը վերաճում է իրավաբանների գերիշխանության։ Քաղաքացիական հասարակությունը դարձել է ոչ քաղաքացիական, մարդիկ էլ ծուլաբար ակնկալում են, որ իրենց բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը։

Տասներորդ հորիզոնականում է Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը: Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից: «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել ու հասնել հաջողությունների: Ներառված են հեղինակի անցած ճանապարհը, փիլիսոփայությունը, կյանքի մարտավարությունը և թեմաներ, որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ 467
2 0

Յուվալ Նոյ Հարարի

«Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»

Newmag 125
3 *

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 124
4 -1

Դենիել Գոուլման

«Հուզական ինտելեկտը»

Զանգակ 60
5 -1

Միշել Օբամա

«Becoming.Իմ պատմությունը»

Newmag 47
6 *

Ջոն Ռոքֆելլեր

«Ինչպես դարձա միլիարդատեր»

Վերնատուն 45
7 նոր

Անի Քոչար

«Հանձնվել չկա»

Newmag 43
8 *

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ 42
9 նոր

Նիլ Ֆերգյուսոն

«Մեծ անկումը»

Newmag 39
10 *

Սամվել Աղաջանյան

«Կհանդիպենք բարձունքում»

հեղ.հրատ 29

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]