Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

Ադրբեջանը հրետանային նախապատրաստություն է սկսել. հայկական կողմը խոցել է գրոհող զրահատեխնիկայի խումբ

Ադրբեջանը հրետանային նախապատրաստություն է սկսել. հայկական կողմը խոցել է 
գրոհող զրահատեխնիկայի խումբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ, հայկական ստորաբաժանումները վաղ առավոտյան խոցել են հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ»,-հայտնել է Ստեփանյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 49 անօդաչու թռչող սարք, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ