ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Կառավարության համապատասխան որոշման համաձայն սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքից ելքը սահմանափակված է մինչև 48 տարեկան շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմերի համար, մինչև 50 տարեկան շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմերի համար, մինչև 55 տարեկան ավագ սպայական կազմ (մայոր, փոխգնդապետ և գնդապետ):
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա, 47 զրահատեխնիկա և 1 ինքնաթիռ: