ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ադրբեջանական տիրույթում շրջանառվող խոսակցությունները բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հովհաննիսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը»,- գրել է ՊՆ ներկայացուցիչը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 21 զրահատեխնիկա:
Լիլիթ Դեմուրյան