Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ

Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏՄԵԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Աննա Հակոբյանը նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Այսօր առավոտյան այցելել եմ Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաները, ծերերը: Այցելել եմ նաև Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկի սաներին, որոնք կրկին ապաստարաններում են»,-նշել է նա:

Նախօրեին Աննա Հակոբյանը Արցախի հանրապետության նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելել էր Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու  վիրավորներին։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի  27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի  31 զոհ և կա շուրջ 200-ից ավելի վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից  նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]