Հայաստան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացված տոնական միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացված տոնական միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 25-ին կայացել է ժողովրդական երգերի համերգ, որին ներկա է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Տոնական միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը:

«Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը Հանրապետության տարբեր ՔԿՀ-ներում կազմակերպում է մշակութային և սոցիալական միջոցառումներ: Այս անգամ հերթը «Աբովյան» ՔԿՀ-ինն էր: Նախատոնական միջոցառումների շարքը մեկնարկել է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ դեկտեմբերի 24-ին, իսկ դեկտեմբերի 26-ին կանցկացվի նաև «Գորիս» ՔԿՀ-ում: 

«Մենք ինքներս ձեր այստեղ գտնվելուն վերաբերվում ենք որպես ժամանակավոր երևույթ, կարծում եմ այստեղ գտնվելու ժամանակահատվածը պետք է օգտագործենք միասին վերաիմաստավորելու մեր բոլորի կյանքը, արժեհամակարգը, ինչպես նաև պետք է միտված լինենք մասնակցելու վերասոցիալականացման հնարավոր ծրագրերին, ինչը կանաչ քարտ է դեպի ազատության ճանապարհ»,- բացման խոսքում ընդգծել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նախարարը վստահեցրել է, որ առաջիկայում ավելի շատ վերասոցիալականացման ծրագրեր կնախատեսվեն, շարունակաբար կլավարկվեն պատժի կրման պայմանները, հույսով, որ ապագայում քրեակատարողական հիմնարկների կարիք մեր երկրում չի լինի:

Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել Լեյլա Սարիբեկյանը, Նարեկ Պողոսյանը, Սամսոն Պանյանը, Արսեն Զաքարյանը, Դավիթ Հայրոյանը և Դավիթ Մելքոնյանը:

Միջոցառման ավատին վարչապետի տիկինը կարճ շփում է ունեցել դատապարտյալների հետ: Աննա Հակոբյանն առաջարկել է առաջիկայում հանդիպում կազմակերպել, քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, որին դատապարտյալները ոգևորությամբ համաձայնել են:

Աննա Հակոբյանը ծանոթացել է նաև կրթական դասընթացների մասնակցած դատապարտյալների ձեռքի աշխատանքներին: Այս տարվա ընթացքում «Աբովյան» ՔԿՀ-ում նման դասընթացների մասնակցել է 20 դատապարտյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում