ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդն իր սադրիչ գործողությունների ընթացքում փորձել է իր վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն հետ է շպրտվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։
«Հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն նրանք հետ են մղվել։ Լեռը եղել և մնում է Արցախի վերահսկողության տակ»,- նշեց Սարումյանը։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Լիլիթ Դեմուրյան