Ճշտված տեղեկություններով հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ մարտական գործողությունները ընթանում են հիմնականում Արցախի Հանրապետության հյուսիսային և հարավային ուղղություններում:
«Մարտերը այս պահի դրությամբ էլ դեռ շարունակվում են: Ճշտված տեղեկություններով՝ հստակ հակառակորդն ունի զգալի կորուստեր, ճշտված տեղեկություններով՝ մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ»,-հայտնեց Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:
Աննա Գրիգորյան