Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի ուղղությամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանն իր աջակցությունը ցուցաբերել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում:
«Այսօր առավոտյան տեղեկացա Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Ադրբեջանի բանակի լայնածավալ հարձակման մասին, որի հետևանքով թիրախավորվել է խաղաղ բնակչությունը Ստեփանակերտում և այլ բնակավայրերում: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողություններն՝ ընդդեմ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության:
Մենք ունենք մեր Հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք: Մեր երեխաներն ունեն խաղաղ ապրելու իրավունք, քան թաքնվելու ապաստարաններում: Ես միշտ կանգնած եմ իմ ազգի կողքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։