Զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում․ Արծրուն Հովհաննիսյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ծավալած գործողությունների հետևանքով երկրի առանձին փոքր բնակավայրերում կան զգալի ավերածություններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Քաղաքացիական բնակչության մասին տվյալները ներկայումս ամփոփվում են։ Շենք-շինությունների զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, ինչպես նաև Ստեփանակերտում։ Մեր ձեռքի տակ արդեն կան որոշակի տեսանյութեր։ Ամփոփ ավելի ուշ կտեղեկացնենք»,- ասաց Հովհաննիսյանը։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Լիլիթ Դեմուրյան