Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է բանակային օդուժ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է բոլոր հրթիռահրետանային միջոցները, բացառությամբ մեկ երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին կատարվում են ճշտումներ։ Բայց կան տարբեր տեղեկություններ, որ հավաքել ենք, բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների, մնացած բոլոր միջոցներն, ըստ էության, Ադրբեջանը կիրառել է։ Նաև կիրառել է բանակային օդուժը՝ այսինքն, ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և այլն»,- նշեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով հարցին, արդյոք ՀՀ ԶՈւ-ն նույնպես պատրաստվում է կիրառել ավիացիոն տեխնիկա, Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ ԶՈւ հրամանատարությունը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրականացնում է լիարժեք կառավարում։
«Նրանք լիովին վերահսկում են իրավիճակը և ըստ անհրաժեշտության, այն զինատեսակները, որոնք նպատակահարմար կգտնվեն տվյալ մարտական իրավիճակում կիրառելու՝ վստահաբար կկիրառվեն»,- շեշտեց Հովհաննիսյանը։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը նախնական տվյալներով կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Լիլիթ Դեմուրյան