Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

ՀՖԿՍՊԻ-ում նոր ռազմավարական փոփոխություններ կլինեն` միտված կրթական մակարդակի բարձրացմանը  

ՀՖԿՍՊԻ-ում նոր ռազմավարական փոփոխություններ կլինեն` միտված կրթական 
մակարդակի բարձրացմանը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հայտարարած այս տարվա ընդունելությանը մասնակցել են աննախադեպ քանակով դիմորդներ` նախորդ 12 տարվա համեմատ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում առցանց ասուլիսի ընթացքում այս և այլ հարցերի շուրջ խոսեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը: Վերջինիս խոսքով` 2020 թվականին ինստիտուտի առաջնային խնդիրը եղել է համավարակի պայմաններում կրթության և իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը, միաժամանակ կատարվել են աշխատանքներ ռազմավարական փաստաթղթերի մշակման, նոր կարգավորումների և  կրթության բովանդակության  բարեփոխումների ուղղությամբ: 

«Ընդունելության քննությունները կազմակերպել ենք նոր ձևաչափով` տեսաձայնագրություն բոլոր քննություների ընթացքում: Ապագայում նախատեսում ենք անցում գրավոր քննության, որը հնարավորություն կտա բուհ ընդունել ավելի կրթված դիմորդների: Դիմորդների բավարար քանակով գերազանցեցինք 12 տարի առաջ ունեցած դիմորդների քանակը, մագիստրատուրայում նույնպես գրանցվեց մրցակցություն, այս տարի թափուր տեղեր չունենք: Այն ռեկորդային էր: Ամփոփիչ քննությունների նոր կարգ ենք սահմանել. բոլոր գրավոր քննություները ծածկագրված են, անցումը կատարում ենք փուլային եղանակով, սկսել ենք անցած ուսումնական տարում առաջին կուրսից»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Բուհում նախատեսվում է ռազմավարության փոփոխություն. կզարգացվեն նոր ուղղություներ, մասնավորապես՝ առողջ ապրելակերպ, հանրային առողջություն, սպորտի կառավարում և մարկետինգ, սպորտի հոգեբանություն, մարզական լրագրություն, սպորտային տուրիզմ:

«Վերանայվում են որակի ներքին ապահովման համակարգի կառավարման մոտեցումներն ու սկզբունքները՝ նպաստելով փաստերի և օբյեկտիվ հետազոտությունների վրա հիմնված կառավարման գործընթացին: 75 տարում բուհն ունեցել է ընդամենը մեկ դրամաշնորհային ծրագիր: Այս մեկ տարվա ընթացքում ներկայացրել ենք 12 նմանատիպ ծրագրեր: Ճիշտ է, կապված համավարակի հետ, կան ռիսկային գործոններ, բայց բոլոր ծրագրերը իրատեսական և արդիական են: Հուսով եմ, համաճարակը հաղթահարելուց հետո դրանք իրականացնելու հնարավորություն կունենանք։ Լայն համագործակցություն կա պետական կառույցների, համայնքային իշխանությունների, մարզական ֆեդերացիաների և ակումբների, հասարակական կազմակերպություների հետ»,- նշեց Դավիթ Խիթարյանը:

Անդրադառնալով վարձավճարների շուրջ ուսանողների կողմից վերջին շրջանում բարձրաձայնվող հարցերին՝ Խիթարյանը շեշտեց, որ համավարակով պայմանավորված՝ ԲՈՒՀ-ը չի բարձրացրել ուսման վարձերը, սակայն վարել է այլ քաղաքականություն` ավարտական քննություններին չթույլատրելով մասնակցել ուսանողներին, եթե վարձավճարների հետ կապված հարցեր են եղել:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ