Հասարակական

Բադասյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Բադասյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը դեսպանի հետ քննարկել է հայաստանյան բարեփոխումների լայն օրակարգի անկյունաքարային ոլորտներին՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, այդ համատեքստում անդրադարձել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության արդյունքներին ու փոխգործակցության հետագա հնարավորություններին։

Մասնավորապես՝ Ռուստամ Բադասյանը խոսել է նոր Պարեկային ծառայության ստեղծման, դիմորդների հավաքագրման գործընթացներից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Գլխավոր դատախազությունում ձևավորված հատուկ ստորաբաժանումից, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ուղղությամբ տարվող աշխատանքներից, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության դրական արդյունքներից։

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին թվարկված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ցուցաբերած շարունակական աջակցության համար և ընդգծել, որ ընթացիկ արդյունքներն արդեն իսկ խոսում են երկու երկրների կառավարությունների հարաբերությունների որակի մասին։

Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը սկսելուն ընդառաջ հանդիպելու և Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում՝ մասնավորապես՝նոր հակակոռուպցիոն հաստատությունների ձևավորման և ոստիկանության բարեփոխումների շուրջ, Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը քննարկելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում