ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Կարել Վոլայդիի կարծիքով՝ Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի ընտրանին էստոնացիներին հաղթելու շանսեր ունի, անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում:
«Դժվարին հանդիպում եմ ակնկալում: Երկու թիմերը պարտվել են առաջին խաղում, բայց փորձել են անել ամեն ինչ հաղթելու համար: Հավաքականները հավասար հնարավորություններ ունեն: Իսկ ինչ կապված է Մխիթարյանի բացակայության հետ, իհարկե, նա աստղային խաղացող է, սակայն Հայաստանի ընտրանին այլ խաղերում էլ է խաղացել առանց նրա և կարողացել թիմային ֆուտբոլ ցույց տալ: Հայաստանի հավաքականը հաղթանակի շանսեր ունի նույնիսկ առանց Մխիթարյանի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաղային առցանց ասուլիսին ասել է մարզիչը:
Վոլայդիի կարծիքով` Հայաստանի ընտրանին առաջիկա խաղում իր գրոհները կկազմակերպիչ բազմազան ուղղություններով:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը