Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրինագծում փոփոխություն չի առաջարկվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներիկողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում էքրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջին ընթերցումով նախագծի ընդունումից հետո պատգամավոների կողմից օրինագծում փոփոխություններ չեն առաջարկվել:
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ Կառավարության կողմից ևս առաջարկներ չեն ներկայացվել:
Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ 8-10 տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է`զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ 10-14 տարի ժամկետով:
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասինօրենքի նախագիծն ԱԺ հունիսի 18-ի նիստում ստացել է 100 «կողմ» ձայն և ընդունվել առաջին ընթերցմամբ:
Նորայր Շողիկյան