Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փոխնախարարն արտակարգ դրությունը չերկարաձգելուն առնչվող փաթեթում Սահմանադրության խախտում չի տեսնում

Փոխնախարարն արտակարգ դրությունը չերկարաձգելուն առնչվող փաթեթում 
Սահմանադրության խախտում չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու հնարավորություն տվող օրենսդրական փաթեթում Սահմանադրության խախտում չի տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց խորհրդարանի սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում:

«Սահմանադրության խախտում այստեղ առկա չէ: Սահմանադրությունը նախատեսել է հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդության դեպքում որոշակի իրավունքների սահմանափակում՝ օրենքով նախատեսված կարգով»,- ասաց Գրիգորյանը:

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնել էր, որ կողմ է, որ արտակարգ դրության ռեժիմն ավարտվի, և դրան փոխարինեն այլ գործիքակազմեր, սակայն նշել էր, որ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթում իրավական առումով խնդիրներ է տեսնում:

Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:

Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինեն նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:

Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 80 «կողմ» և 28 «դեմ» ձայներով: Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտնեցին, որ իրենք դեմ են քվեարկելու փաթեթին:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]