Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա խորհուրդը. ՀՀ վարչապետ

Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա 
խորհուրդը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Սևրի պայմանագիրը և հայկական հարցը» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին: Գիտաժողովի մասնակիցներին ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանն ուղղել էր իր ողջույնի խոսքը, որն ընթերցեց ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը:  

«Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար: Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների և հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնակալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, և ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ և նոր կարևոր բացահայտումներ»,-նշել է ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչև այսօր

«Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչո՞ւ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում: Նախ՝ Սևրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենադրամատիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին և զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում: Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ  նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում»,-նշել է Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Նրա խոսքով՝ առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկությանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին

«Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համարԵրկրորդ՝ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ պայմանագրի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների կրած հաղթանակի և խաղաղության հաստատման գործում: Ընդգծվում և հավուր պատշաճի գնահատվում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգային հարաբերություններում և աշխարհի հետպատերազմյան կառավարման գործում:  

«Երրորդ՝ Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդըԵվ վերջապես, Սևրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան և անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սևրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում հայկական հարցը, վերականգնվում էր պատմական արդարությունը, բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտեսական և ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման և առաջընթացի համար: Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»,-իր խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]