Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հ․ Այվազովսկու 203-ամյակին ժառանգները պատմում են նախապապի մասին

Հ․ Այվազովսկու 203-ամյակին ժառանգները պատմում են նախապապի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 29-ին լրանում է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 203-ամյակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ»  կենտրոնը հուլիսի 24-29-ը նախաձեռնել է օնլայն միջոցառումների շարք՝ «Այվազովսկու օրեր» խորագրով։ Ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հ․ Այվազովսկու պատկերասրահի և Հայաստանի ազգային պատկերասրահի գործակցությամբ նախատեսվում է վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և  ծանոթություն Այվազովսկու ժառանգների հետ։

«Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում՝ հայկական ընտանիքում։ Ծովանկարիչը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, նրա արվեստը միավորում է բոլոր ազգերին։ 200 տարի անց  էլ Այվազովսկու անունով անվանակոչվում են օդանավակայաններ, տեղադրվում հուշարձաններ։ Գեղանկարիչը թողել է համաշխարհային մեծ ժառանգություն»,- նշում է Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Հուլիսին Թեոդոսիայում գեղանկարչի պատկերասրահը մարդաշատ է լինում տեղացիներով և զբոսաշրջիկներով։ Հ․ Այվազովսկին Թեոդոսիայի խորհրդանիշն ու այցեքարտն է, քաղաքի բոլոր ցուցանակները տանում են դեպի ծովանկարչի տուն, որն այժմ պատկերասրահ-թանգարանի է վերածվել։ Այս տարի, համավարակով պայմանավորված, «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը, ստեղծեց հնարավորություն օնլայն ծանոթանալ ծովանկարչի կյանքին, կենսագրությանն ու թողած ժառանգության պատմությունը: Վիրտուալ էքսկուրսիան կվարի պատկերասրահի տնօրենը՝  Տատյանա Գայդուկը։   

«Իհարկե, ոչինչ չի փոխարինի գեղանկարչության հետ անմիջական, կենդանի շփմանը, առավել ևս Այվազովսկու աշխատանքների դեպքում, սակայն սա ևս հիանալի առիթ է վայելել գեղանկարչի փառահեղ աշխատանքները»,- նշում է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։

«Այվազովսկու օրեր» միջոցառումների շրջանակում, Այվազովսկու ժառանգները Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից,  ԱՄՆ-ից  տեսաուղերձներով շնորհավորել են իրենց նախապապի 203-ամյակը և պատմել հետաքրքիր պատմություններ։

«Այվազովսկին հետևում էր ռազմական նավերի շարժին և տախտակամածի վրայից  նոթատետրում նշումներ անում, 20-րդ դարում նույն վայրերն էին այցելում նրա թոռները, հիմա նույն վայրեր ենք այցելում մենք՝ մեծ ծովանկարչի ժառանգները»,- պատմում է Իրինա Կասացկայան,  Այվազովսկու երկրորդ դստեր ժառանգը։ Իրինա Կասացկայան ծովանկարիչ Ալեքսեյ Հանզենի ծոռն է։ Հանզենը Հովհաննես Այվազովսկու թոռն է, ով շարունակել է պապու գործը։

Այվազովսկու սիրելի թոռը Օլգա Արցեուլովայի հայրն էր,  օդաչու-նորարար Կոնստանտինը։ Օ․Արցեուլովան պատմում է, որ միայն նրան էր թույլատրված գտնվել պապիկի աշխատասենյակում, երբ Այվազովսկին նկարում էր։

«Ծնվել և արդեն 80 տարի ապրում եմ Մոսկվայում, ցավոք Հայաստանում երբեք չեմ եղել, բայց տարիքի հետ ավելի շատ եմ զգում խորը գենետիկ կապը  հզոր և տաղանդավոր հայ ազգի հետ, որի զավակն էր իմ համաշխարհային համբավ ունեցող նախապապը»,- պատմում է Օլգա Արցեուլովան, Այվազովսկու փոքր դստեր ժառանգը։

Այվազովսկու տարեդարձը նշում են  նավաստիները, արվեստասերները, արվեստագետները, նավատորմի վետերանները։ Այվազովսկու երրորդ դստեր՝ Ալեքսանդրայի հետնորդները՝ Լյուսի և Ֆեդերիկա Ռոդջերսը, վերջին տարիներին այցելել են Թեոդոսիա և Հայաստան:

«Թեոդոսիան ու Հայաստանը  ցնցող էին։ Առնչվեցինք հսկայական պատմության հետ, հանդիպեցինք հաճելի մարդկանց: Հիացած էինք հզոր պատմությամբ, գեղեցիկ վանքերով: Շնորհակալություն, որ հիշում եք մեզ: Մենք էլ հիշում ենք ձեզ  և հուսով ենք, որ շուտով կվերադառնանք»,- պատմում է Լյուսի Ռոդջերսը։

Միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]