Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մեկուսացած պատգամավորին գրավոր քվեարկելու հնարավորություն տվող նախագիծն ուղարկվեց առաջարկների փուլ

Մեկուսացած պատգամավորին գրավոր քվեարկելու հնարավորություն տվող նախագիծն 
ուղարկվեց առաջարկների փուլ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, այն տեղափոխվեց գրավոր առաջարկների ստացման փուլ՝ լրամշակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած օրինագծով նախատեսվում է գրավոր քվեարկելու հնարավորություն տալ համավարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող պատգամավորներին:

Առաջին ընթերցմամբ քննարկմանը նախագծով առաջարկվում էր ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը: Ներկայումս գործող կարգավորումներով ԱԺ պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից գործուղման մեջ են:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել է փոփոխություն անել, սահմանել, որ  գրավոր կերպով քվեարկելու այս գործիքը կիրառվելու է բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ իրավիճակի դեպքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման  մեջ գտնվող պատգամավորների կողմից: Այսպիսով, ինքնամեկուսացման կամ մեկուսացման մեջ գտնվող պատգամավորները կարող են օգտվել գրավոր քվեարկելու հնարավորությունից: Այս գործիքը տրվում է նաև հանձնաժողովների, խորհրդի քվեարկությունների համար: 

Վլադիմիր Վարդանյանը քվեարկությունից առաջ նշեց` հաշվի առնելով, որ այս նախագիծը նպատակ է հետապնդում արտակարգ դրության ժամանակ ԱԺ բնականոն գործունեության ապահովման համար համապատասխան երաշխիքներ ստեղծելը, և հաշվի առնելով, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգելու մասին որոշումն ԱԺ-ում ներկայացնելիս պարետը նշեց, որ օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն, որ արտակարգ իրավիճակների ռեժիմի շրջանակներից դուրս հնարավոր լինի համաճարակային հետագա վերահսկողությունն իրականացնել, կարող են լինել խնդիրներ, այս օրենքը ընդունումից հետո կարող է ժամանակավրեպ դառնալ: Այսպիսով, Վարդանյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, այն վերադարձնել գրավոր առաջարկների փուլ, լրամշակել:

Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 1 «կողմ», 79 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայներ: Այնուհետև Վահագն Հովակիմյանն առաջարկեց քվեարկության դնել նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման փուլ ներկայացնելու որոշումը, որն ընդունվեց՝ ստանալով  78 «կողմ», 7 «դեմ» ձայներ:

Աննա Գրիգորյանք


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am