Գեղհովիտում կընդարձակվի լուսավորության ցանցը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի լուսավորության ցանց՝ 5 877 մետր ընդհանուր երկարությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 300 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 45 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոոկսը կամ 10 միլիոն 255 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը:
Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է եւ գտնվում է արդյունքների ամփոփման փուլում:
«Լուսավորության ցանցը կառուցվում է համայնքի երկրորդական փողոցներում՝ թիվ 5 փողոցի մի քանի նրբանցքներում, թիվ 3 եւ թիվ 6 փողոցներում: Տեղադրվելու է 191 լուսատու: Այս ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտը լուսավորված կլինի կիսով չափ: Մնացած թաղամասերի լուսավորման խնդիրը կլուծենք փուլերով, առաջիկա տարիներին, նույն սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում»,- կատարվելիք աշխատանքները ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան