«Մեգամոլ»-ը կվերադառնա բնականոն աշխատանքի. ԱԻՆ աշխատակիցները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբերի մասին ահազանգից հետո Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգները շենքի տարածքում որևէ վտանգավոր բան չեն հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Քաղաքային վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ղեկավար մայոր Գևորգ Մնացականյանը:
«Աշխատել է երեք կինոլոգիական խումբ, աշխատանքի արդյունքում որևէ վտանգավոր բան չի գտնվել: Աշխատանքներն ավարտվել են: «Մեգամոլ»-ն անցնելու է բնականոն աշխատանքի»,- ասաց Մնացականյանը:
Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբերի մասին ահազանգից հետո փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում