Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Պինոկիո» հեքիաթն ամենապահանջվածն է. մանկական, մայիս, 2020

«Երևանյան բեսթսելեր». «Պինոկիո» հեքիաթն ամենապահանջվածն է. մանկական, 
մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է Կառլո Կոլլոդիի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:

«Շունն ու կատուն» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերից:

«Ով է ապրում տնակում» հեքիաթը երրորդ հորիզոնականում է: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Ռադյարդ Քիփլինգի «Մաուգլին» չորրորդ տեղում է: Քիփլինգը երկար տարիներ ապրել է Հնդկաստանում, տեղացիներից լսել շատ ավանդույթներ, որոնց թվում և այն տղայի մասին, որն ապրել է գայլերի ոհմակում։ Հենց այդ ավանդությունն էլ Քիփլինգն օգտագործել է «Մաուգլի» հեքիաթում։

Հինգերորդ տեղում է Գրիմ Եղբայրների «Մոխրոտը»: Հեքիաթի սյուժեն հայտնի է բոլորին: Մի հարուստ մարդու կինը մահանում է։ Մահվանից առաջ վերջինս դստերը պատվիրում է լինել բարի։ Աղջիկն ամեն օր այցելում է մոր գերեզմանին և լաց լինում, ինչպես նաև կատարում մոր պատվերը։ Գալիս է ձմեռը, հետո գարունը, և հարուստն ամուսնանում է երկրորդ անգամ։ Խորթ մայրը երկու դուստր ուներ՝ չար, հիմար։ Նրանք աղջկանից խլում են գեղեցիկ զգեստները և ուղարկում խոհանոցում ապրելու։

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» վեցերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Յոթերորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:

Ութերորդ հորիզոնականում է  Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ՝  կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Իններորդ տեղում է Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» գիրքը: Այս վեպը ֆրանսիացի վիպասանի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսն է Ռեմին՝ ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:

Տասներորդ տեղում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» գիրքը: Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդական աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերների՝ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտել մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Կառլո Կոլլոդի

«Պինոկիո»

Բուկինիստ 53
2 * «Շունն ու կատուն» Բուկինիստ 53
3 * «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 51
4 +2

Ռադյարդ Քիփլինգ

«Մաուգլին»

Բուկինիստ 44
5 *

Գրիմ Եղբայրներ

«Մոխրոտը»

Բուկինիստ 42
6 -4

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 30
7 *

Ռոալդ Դա

«Չարլին և շոկոլադի գործարանը»

Անտարես 27
8 *

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 25
9 *

Հեկտոր Մալո

«Առանց ընտանիքի»

Զանգակ 18
10 -7

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Կրակի գավաթը»

Զանգակ 16

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]