Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ անդամակցությունը Կրոնական ազատության միջազգային դաշինքին. հնարավորություններ և մարտահրավերներ

ՀՀ անդամակցությունը Կրոնական ազատության միջազգային դաշինքին. 
հնարավորություններ և մարտահրավերներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը hունիսի 12-ին միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին (International Religious Freedom Alliance)։

Դաշինքը չի հանդիսանում միջազգայնորեն սահմանված միջազգային կազմակերպություն, չունի անդամակցության ընթացակարգ և պայմանավորված է հռչակագրում արտացոլված սկզբունքներին անդամ պետությունների հավատարմությամբ: Անդամակցության համար բավարար է Դաշինքի քարտուղարությանը հայտնել անդամակցելու ցանկության մասին: Կրոնական ազատության միջազգային դաշինքը հիմնադրվել է մասնակցում է 29 երկիր`Ավստրիա, Բրազիլիա, Հունաստան, Հունգարիա, Խորվաթիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իսրայել, Վրաստան, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Բուլղարիա, Սլովենիա, Սլովակիա, Չեխիա և այլն:

Դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում, հետևաբար Դաշինքի կառուցվածքը և ընթացակարգերը չեն նախատեսում որևէ քվեարկության մեխանիզմ. յուրաքանչյուր անդամ պետություն առաջարկում է իր ծրագրերն ու առաջնայնությունները և ներկայացնում դրանց իրագործման մեխանիզմները:

Ո՞րն է Դաշինքի գործունեության հիմնական նպատակը:

Դաշինքի հիմնարար սկզբունքները շարադրված են Դաշինքի Հռչակագրում և հիմնված են միջազգայնորեն ընդունված և ճանաչված մարդու կրոնական ազատության հիմնարար և անօտարելի իրավունքի վրա:

Անդամ երկրները հանձնառու են`

  • կատարել իրենց պետական պարտավորությունները միջազգային իրավունքի, և մասնավորապես՝ Քաղաքացիական ու քաղաքական միջագային դաշնագրի շրջանակներում` ուղղված մտքի, խղճի, կրոնի, հավատքի ազատությանը, այդ թվում` ցանկացած հավատք կամ համոզմունք դավանելուն կամ առհասարակ չդավանելուն, և հավատքը փոխելու ազատությանը,
  • առաջնորդվել ներառականության սկզբունքով, այդ թվում՝ միջտարածաշրջանային փոխգործակցությամբ,
  • մարդու իրավունքերի վրա հիմնված մոտեցում ցուցաբերել կրոնի և հավատքի ազատությունը զարգացնելու գործում և մարդու այլ իրավունքների խրախուսման համար, որն անհրաժեշտ է կրոնի և հավատքի լիարժեք ազատությունների իրականացման նպատակով։

Դաշինքը կոչված է միավորելու կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին`  քննարկելու, թե ինչ քայլեր են պատրաստ իրականացնել մասնակից երկրները` կրոնի և համոզմունքի ազատության խրախուսման, ինչպես նաև աշխարհում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության    համար:

Հռչակագրում նաև ներկայացված են դաշինքի գործունեության հիմնական մեխանիզմները։ Դրանք են՝ պարբերական մշտադիտարկումներն ու զեկույցները, հանրային դիվանագիտության գործիքները, աջակցություն միջկրոնական երկխոսությանը, զոհերին աջակցություն ցուցաբերելը (օրինակ` վերաբնակեցման, վնասի փոխհատուցման միջոցով), հանցանք կատարածների նկատմամբ պատժամիջոցները, բազմակողմ ֆորումներում համագործակցած հանդես գալը (համատեղ հայտարարություններ, ՄԱԿ բանաձևեր և այլն), տարբեր կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցությունը, թեմայի շրջանակներում վերապատրաստումները և այլն։

Դաշինքին միացած երկրների առաջիկա նախարարական նիստը նախատեսված է հուլիսի 14-16-ը` Վարշավայում, որին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև ՀՀ ներկայացուցիչը:

Ինչո՞վ է կարևոր ՀՀ մասնակցությունը Կրոնական ազատության միջազգային դաշինքին:

Դաշինքին ՀՀ մասնակցությունը կարևոր է մի քանի առումով: Դաշինքին Հայաստանի միանալու հիմնական դրդապատճառներից մեկը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում` մեր հայրենակիցների պաշտպանության խնդիրն է: Որպես Ցեղասպանութունը վերապրած ազգ, որը լավ է պատկերացնում կրոնական խմբերի դեմ զանգվածային վայրագությունների կանխարգելման կարևորությունը, մեր պարտավորությունն է  աջակցել բոլոր նրանց, ովքեր հալածանքի են ենթարկվում, այդ թվում՝ կրոնի և հավատքի հիման վրա: Ավելին, վերջին տարիներին Մերձավոր Արևելքում շարունակվող անկայունությունը բավական լուրջ մարտահրավերներ է ստեղծել տարբեր կրոնական փոքրամասնությունների (այդ թվում` մեր հայրենակիցների) համար, ինչի վերաբերյալ անհրաժեշտ է բարձրաձայնել, հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը և տարաբնույթ ծրագրերով փորձել օգնել նրանց: Այս դաշինքը բավական լավ հարթակ է նշված խնդիրների իրականացման և Հայաստանի միջոցով տարբեր հալածյալ կրոնական փոքրամասնությունների ձայնը լսելի դարձնելու համար:

 Դաշինքում Հայաստանի ներգրավվածությունը նպաստում է նաև նրա ժողովրդավարական իմիջի ամրապնդմանը որպես երկիր, որտեղ մարդու իրավունքները, այդ թվում` կրոնի և դավանանքի ազատությունը հանդիսանում են կարևոր գերակայություն: Հատկանշական է, որ մինչ այս Հայաստանը 2 անգամ մասնակցել է նաև Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի կողմից հյուրընկալվող Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովներին (վերջինը` 2019թ. հուլիս), ինչը փաստում է, որ այս հարցում ՀՀ ակտիվությունը նոր չէ:

Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 20 հազար սիրիահայ փախստականի, ովքեր թիրախավորված էին տարբեր զինյալ և ահաբեկչական ուժերի կողմից, և հումանիտար օգնություն է ցուցաբերում նաև տեղում: Հայաստանն ապաստան է դարձել կրոնական մի շարք խոցելի փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների և ասորիների համար։ Այսօր եզդիները Հայաստանի ակտիվ փոքրամասնություներից են և հենց Հայաստանում է գտնվում նրանց ամենամեծ տաճարը։ Հայաստանում կրոնական հանդուրժողականության և հալածվող տարբեր կրոնական փոքրամասնությունների նկատմամբ որդեգրած քաղաքականության վերաբերյալ հայկական կողմն ունի փորձ և ասելիք, ինչն անհրաժեշտ է նաև ներկայացնել միջազգային հանրությանը:

Հայաստանի մասնակցությունը Կրոնական ազատության միջազգային դաշինքում կարևոր է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Դաշինքը երկկողմ համագործակցության ևս մեկ կարևոր ձևաչափ կարող է դառնալ` հնարավորություն ընձեռելով նաև զարգացնել երկկողմ օրակարգը: Ամերիկայի հայ դատի գրասենյակը ևս ողջունել է այս քայլը, որը «խորացնում է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները, ընդգծում է Հայաստանի նվիրվածությունը դավանանքի ազատությանը, նոր հնարավորություններ է ստեղծում բազմակողմ համագործակցության համար»:

Հատկանշական է, որ 2020թ. հունիսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է միջազգային կրոնական ազատության զարգացման վերաբերյալ հրամանագիրը, ըստ որի միջազգային կրոնական ազատությունը սահմանվել է որպես ԱՄՆ ազգային անվտանգության հրամայական՝ կրոնական ազատության հետագա ամրապնդումը դարձնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունք։ Հրամանագրի շրջանակներում կրոնական ազատությունը ներառվել է նաև ԱՄՆ արտաքին աջակցության ծրագրերում։ ԱՄՆ պետքարտուղարությունը USAID-ի հետ համատեղ պետք է ապահովի տարեկան առնվազն 50 միլիոն դոլար  ֆինանսական աջակցություն միջազգային կրոնական ազատությանն աջակցող ծրագրերին, որոնք կարող են նախաձեռնվել նաև Դաշինքի անդամների կողմից:

Կրոնական ազատության միջազգային դաշինքում Հայաստանի ներգրավվածությունը կարևոր է նաև տեղեկատվական-քարոզչական պայքարի տեսանկյունից: Հայաստանի մասնակցությունն այս ձևաչափին ընդգծում է այն արժեքային տարբերությունները, որ առկա են Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև: Բացի այդ, Կրոնական ազատության միջազգային դաշինքը լավ հարթակ է այդ երկրների կողմից կրոնական փոքրամասնությունների, այդ թվում` քրիստոնյաների իրավունքների խախտումների, քրիստոնեական ժառանգության ոչնչացման մասին` հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը նման բարբարոսական գործելաոճի վրա:

Իրական, թե չափազանցված մարտահրավերներ:

Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի միանալու վերաբերյալ հայտարարությունից հետո ԶԼՄ-ներում սկսեցին շրջանառվել թեզեր այն մասին, որ տվյալ նախաձեռնությունը «հակաչինական», «հակառուսական» է, և Հայաստանի մասնակցությունը Դաշինքին կարող է խնդիրներ առաջացնել մեր մյուս միջազգային գործընկերների հետ: Այն հանգամանքը, որ ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում, հատկապես տեղեկատվական պայքարում կրոնական իրավունքների թեման մշտապես շրջանառվում է, նորություն չէ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պարբերաբար հանդես է գալիս նման հայտարարություններով, այդ թվում` Կրոնական ազատության միջազգային դաշինքի նիստի ժամանակ: Սակայն արդյո՞ք դա բավարար է տվյալ նախաձեռնությունը «հակաչինական» պիտակավորելու համար, բնաբանաբար` ոչ: Որպես հիմնավորում նշենք երեք հիմնական գործոն:

  1. Ըստ Դաշինքի հռչակագրի` մասնակից պետությունների մասնակցությունն Դաշինքի շրջանակներում առաջարկվող և քննարկվող ծրագրերի իրագործմանը հիմնված է կամավորության սկզբունքի վրա և պայմանավորվում է միայն ծրագրերին մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ վերջիններիս ազատ որոշումով: Նույն սկզբունքը վերաբերում է նաև Դաշինքի շրջանակներում մշակվող և հրապարակվող հայտարարություններին: Այլ կերպ ասած, եթե Դաշինքի շրջանակներում որևէ երկիր նախաձեռնում է երրորդ երկրին առնչվող ծրագիր կամ հայտարարություն, ապա մյուս երկրներն անկախ են այդ նախաձեռնությանը միանալու կամ չմիանալու հարցում: Իհարկե, նման իրավիճակներում Հայաստանի համար կարևոր կլինի ցուցաբերել բավական ճկունություն և լինել ընկալելի Դաշինքի անդամների համար:
  2. Դաշինքի «հակաչինական» բնույթի մասին շրջանառվող թեզը այդքան էլ համոզիչ չէ, եթե պարզապես ուշադրություն դարձնենք Դաշինքին միացած որոշ երկրների և ՉԺՀ միջև հարաբերությունների մակարդակին: Օրինակ, Դաշինքին միացած երկրներից Բրազիլիան, Հունաստանը, Լեհաստանը Չինաստանի հետ ունեն համապարփակ ռազմավարական գործընկերություն (Comprehensive Strategic Partnership), իսկ Չեխիայի, Ուկրաինայի հետ ՉԺՀ հարաբերությունները բնութագրվում են որպես ռազմավարական գործընկերություն (Strategic Partnership): Դաշինքի հիմնադիր անդամներից մեկն էլ հարևան Վրաստանն է, որի արտաքին քաղաքականության շրջանակներում չինական վեկտորը մեծ կարևորություն ունի (վերջին հաջողություններից էր Վրաստան-ՉԺՀ Ազատ առևտրի համաձայնագրի կնքումը): Պեկինի հետ ֆորմալ ռազմավարական մակարդակի փոխգործակցություն ունեցող կամ նրա հետ հարաբերությունների զարգացումը կենսական համարող երկրների մասնակցությունը Կրոնական ազատության միջազգային դաշինքին թերևս վկայում է, որ տվյալ նախաձեռնությունը «հակաչինական» որակելն առնվազն չափազանցված է: Իհարկե, յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերով, և որոշ իրավիճակներում դրանք կարող են ունենալ նաև «հակաչինական» դրսևորումներ, սակայն դա դեռևս չի ենթադրում, որ մնացած բոլոր անդամներն պարտադիր կերպով պետք է միանան տվյալ նախաձեռնությանը:
  3. ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն այն է, որ Հայաստանը չի համագործակցում որևէ գործընկերոջ հետ` ի հաշիվ այլ գործընկերների: Այս սկզբունքը բավական առանցքային է, և դրա կյանքի կոչման դրևսրում է, օրինակ այն, որ լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը արդյունավետ համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ, կամ լինելով ԵԱՏՄ անդամ, ակտիվորեն համագործակցում է Եվրամիության հետ: Կրոնական ազատության միջազգային դաշինքը ևս պետք է դիտարկել այս տրամաբանության շրջանակներում և միանշանակ բացառել, որ Հայաստանը կարող է ներգրավվել մի նախաձեռնության մեջ, որն, օրինակ, կվնասի Չինաստանի հետ հարաբերությունները:

Ամփոփելով` կարող ենք նշել, որ Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանը միացել է բացառապես սեփական նախաձեռնությամբ` հաշվի առնելով իր շահերը, և Դաշինքի շրջանակներում դրանք կյանքի կոչելու հնարավորությունները: Անշուշտ, ինչպես ցանկացած կառույցում և միությունում, այս Դաշինքում ևս հնարավոր են շահերի բախումներ, և պաշտոնական Երևանի գլխավոր խնդիրներից է հնարավորինս հետևողականորեն պաշտպանել սեփական շահերը` բացառելով մասնակցությունը որևէ նախաձեռնության, որը կարող է չբխել մեր միջազգային գործընկերների շահերից:

Նարեկ Մինասյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]